ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ընդդիմությունը չպետք է մոռանա իր գլխավոր նպատակն ու առաքելությունը՝ կանգնեցնել ներկայիս իշխանության վերարտադրությունը

Ընդդիմությունը չպետք է մոռանա իր գլխավոր նպատակն ու առաքելությունը՝ կանգնեցնել ներկայիս իշխանության վերարտադրությունը
11.03.2026 | 20:20

Հայաստանի առաջիկա ընտրությունները այն ընտրությունները չեն, որոնց հիմնական հարցը պետք է լինի՝ ով քանի մանդատ կստանա, ով քանի պատգամավոր կունենա, կամ որ քաղաքական ուժը որքան մեծ խմբակցություն կձևավորի ԱԺ-ում: Դա նույնիսկ այս իշխանությանը չի հուզում, որովհետև նրանք բոլորից լավ են հասկանում այս ընտրություննների ոչ սովորականության բնույթը:

Այս ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես միայն քաղաքական գործընթաց, այլ որպես հասարակության քաղաքական ինքնապաշտպանության փորձ։

Հենց այստեղ է այն կետը, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է լրջորեն վերանայեն իրենց ընտրապայքարի տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, որովհետև առաջիկա ընտրապայքարում կա մի շատ լուրջ վտանգ։

Այն հիմնական գաղափարը, որի շուրջ պետք է կառուցվի ամբողջ գործընթացը՝ այն է «թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը», կարող է շատ հեշտ կորել ընտրապայքարի ճանապարհին։

Փոխարենը առաջին պլան կարող է դուրս գալ բոլորիս արդեն ծանոթ խոսույթը՝

- ով է սոցհարցումներով առաջատարը,

- ով է դառնալու նոր իշխանությունը,

- ով է հավաքելու ավելի շատ ձայներ,

- ով է լինելու գլխավոր ընդդիմադիր ուժը։

Եվ հենց այստեղ է վտանգը։ Քաղաքական ուժերը սկսում են զբաղվել ռեյտինգներով, մրցել ոչ թե իշխանության վերարտադրությունը կանխելու համար, այլ միմյանցից առաջ անցնելու համար։

Արդյունքում ամբողջ գործընթացը սկսում է գնալ այն ճանապարհով, որը վաղուց է հաշվարկված, երբ իշխանությունը ձևավորել է խաղի կանոնները, իսկ ընդդիմադիր ուժերը սկսում են մրցել հենց այդ կանոնների ներսում։

Քաղաքագիտության մեջ սա հայտնի մեխանիզմ է, երբ ընտրությունները ձևականորեն մրցակցային են, բայց իրականում ամբողջ գործընթացը կառուցված է այնպես, որ ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը սկսում է աշխատել հենց իշխանության վերարտադրության օգտին։

Ավելին, վերջին օրերի և հատկապես ԵԽ-ում այսօր Փաշինյանի ելույթը ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը փորձում ընտրությունների տրամաբանությունը տեղափոխել այլ հարթություն։ Ընտրությունները սկսել են ներկայացվել ոչ թե որպես իշխանության հաշվետվություն կամ հանրային գնահատական, այլ որպես քաղաքակրթական բախում՝ Արևմուտք-Արևելք, ժողովրդավարություն-ոչ ժողովրդավարություն տրամաբանության մեջ և հատկապես հիբրիդային պատերազմ հակադրությունների շռայլ օգտագործմամբ։

Սա նշանակում է, որ ընդդիմությունը դիտարկվում է ոչ թե որպես ներքին քաղաքական այլընտրանք, այլ որպես «հիբրիդային պատերազմի» կամ «արտաքին ազդեցությունների» գործիք։

Նարատիվը միտումնավոր փոխում է ընտրությունների բովանդակությունը, և հասարակությանը առաջարկվում է ոչ թե ընտրել իշխանություն, այլ ընտրել «ճամբար»։

Այս ամենը դառնում է առկա ընդդիմադիր պայքարի համար առավել սուր մարտահրավեր, և եթե « նախկին-ներկա» խայծը որոշ ընդդիմադիր ուժեր վարկանիշային ռիսկի տակ չմտնելու համար կուլ տվեցին ժամանակին, ապա այս նոր նարատիվներից ապահովագրվելու որևէ շանս այլևս չունեն: Ուստի հասարակությունը և քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ ընտրությունները վերածվեն աշխարհաքաղաքական կամ հիբրիդային հակադրության դաշտի, որովհետև առաջին իսկ բարդ պահից կկորչի գլխավոր նպատակը՝ կանգնեցնել այս իշխանության վերարտադրությունը։

Այդ պատճառով այս ընտրությունների գլխավոր հարցը չպետք է լինի՝

ով է լինելու հաջորդ իշխանությունը։

Գլխավոր հարցը պետք է մնա մեկը՝

«ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը՝ օգտագործելով ընտրությունների ինստիտուտը որպես քաղաքական գործիք»։

Սա է այն կարմիր գիծը, որը չպետք է կորի ընտրապայքարի ընթացքում։

Որովհետև այս իշխանության կողմից ձևավորված խաղի կանոնների ներսում որևէ դասական մրցակցություն դանդաղ վերածվում է նրանց օգտին աշխատող գործընթացի։

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը, ոչ թե սահմանեն աշխարհաքաղաքական ճամբարներ կամ վախի ու շանտաժի խաղի կանոններ։ Եթե այս կարմիր գիծը պահպանվի, հանրությունը կկարողանա օգտագործել ընտրությունների ինստիտուտը՝ կանգնեցնելու ներկայիս իշխանության վերարտադրությունը:

P.S. Այս իշխանությունը փոխում է ընտրությունների բնույթը՝ դարձնելով դրանք քաղաքակրթական, բևեռային հակադրության դաշտ, ներհանրային ավելի լայն պառակտման մեխանիկա, քան նախկինում էր: Ընդդիմությունը պետք է չմոռանա իր գլխավոր նպատակն ու առաքելությունը՝ ծառայել հանրության ողջ ընդդիմադիր լայն շերտերի շահերին և կանգնեցնել ներկայիս իշխանության վերարտադրությունը։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ